ՍԱՊԾ-ը նախատոնական ամիսներին կուժեղացնի պտուղ-բանջարեղենի շուկայի վերահսկողությունը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:
Հաշվի առնելով պտուղ-բանջարեղենի իրացման ծավալների աճը նախատոնական ամիսներին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ ավելի է ուժեղացնում դրանց նկատմամբ թե՛ պետական սահմանային, թե՛ իրացման շուկայում վերահսկողությունը: Նոյեմբերի 13-ին Ծառայության բոլոր մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի ղեկավարներին ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս մասին՝ մանրամասնելով գործողությունների շրջանակը և ներկայացնելով հարցաթերթիկը, որի միջոցով իրականացվող հարցումներով մասնագետները կկարողանան պարզել շուկայում իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը, արտադրման-ներկրման հարաբերակցությունը, ինչպես նաև հետագծելիությունը: