ՀԾԿՀ-ն խմելու ջրի սակագնի փոփոխության և մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկում կանցկացնի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը աշխատանքային քննարկում կանցկացնի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի սակագնի առաջարկվող փոփոխության առնչությամբ: Մասնավորապես, քննարկումը կծավալվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման հայտի շրջանակում ջրամատակարարման ծավալների հավաստիության ստուգման նպատակով իրականացված մոնիթորինգի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարցերի շուրջ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքը տեղեկացնում է,որ քննարկումը կկայանա նոյեմբերի 14-ին` ժամը 14:30-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում:
Աշխատանքային քննարկմանը մասնակցեն սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:
Որոշման նախագծով բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց սահմանվում է 162.7 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց`28.7 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից և սպառողի համար ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենա 191.4 դրամ: Վերոնշյալ աշխատանքային քննարկման ժամանակ, սակայն, որոշման նախագիծը քվեարկության չի դրվելու: