ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն տվեց աղմկահարույց օրինագծին
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշմանը:
Նշենք, որ նիստը պետք է կայանար ժամը 18-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով ձախողվել էր։ Հանձնաժողովը նիստ էր գումարել ուշ երեկոյան։
Օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Շատ արագ մեր հասարակությունը գնահատելու է այս նախագիծը։ Կարևոր սկզբունքը, որ դրված է, սոցիալական արդարության և հավասարության սկզբունքն է»,- նշել է Զաքարյանը։ Նա խոսել է տարկետման խնդրին, նծել, որ այժմ այդ հարցը շահարկվում է։ «Գործող եղանակը, որ այժմ կա, դա ոչ պաշտպանական ոլորտին է դրական ազդում, ոչ էլ գիտության ոլորտի զարգացմանն է նպաստել, վնասելով և մեկին, և մյուսին»,- ասել է Զաքարյանը։
Նրան հարց է տվել միայն Ֆելիքս Ցոլակյանը, որը խոսել է սպորտային գումարտակների մասին։
Արտակ Զաքարյանի խոսքով, որևէ օրենք ստատիկ չէ։ «Եթե տեսնենք բարեփոխելու, ավելի լավը դարձնելու տեղ կա, անպայման կանենք»,- ասել է նա։
Նիստը նախագահող Ալիկ Սարգսյանը նշել է, թե նախագիծը խիստ արդիական է, բխում է ժամանակի պահանջներից։ «Ես նախագծում լուրջ հավասարության էլեմենտներ եմ տեսնում, որը բխում է մեր հասարակության շահերից։ Նորմալ ուսումնառություն ստանալու համար նախագիծը որևէ մեկին չի խոչընդոտում։ Ընդհակառակը, թույլ կտա, որ գիտությամբ զբաղվեն մարդիկ, որոնք շնորհք ունեն, այլ ոչ ընդամենը ուզում են գիտությունների թեկնածու դառնան»,- նշել է նա։
Ի վերջո, հանձնաժողովը չորս կողմ ձայներով որոշում է կայացրել նիստերի օրակարգում ընդգրկել և երկրորդ ընթերցման ներկայացնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։