«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ուսանողները հավաքցել էին ԱԺ-ի դիմաց: Նրանք փորձում էին ներկայացուցիչ ապահովել հանձնաժողովի քննարկմանը։
Ժամը 18.00-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը։
Ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:
Ուսանողներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ որևէ ՀՀԿ-ականի հետ, որպեսզի տեղ հասցվի առաջարկությունների փաթեթը։
Ուսանողներին աջակցելու է եկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա չի ընդունում դավադրությունների տեսությունը, ըստ որի՝ այս շարժումն ուղղորդված է Բաղրամյան 26-ից. «Մեր ցավն այն է, որ մենք երբեք սեփական ուժերին չենք ապավինում։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ուսանողների պահանջը ճիշտ է, թե ոչ»։
Այս պահին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր, խնդրահարույց նախագիծը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ քվորում չապահովելու պատճառով:
Այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը: Հանձնաժողովի նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ Ալիկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանն ու Ռոմիկ Մանուկյանը: Քննարկմանը եկել էին նաև ԱԺ պատգամավորներ Արտակ Զեյնալյանն ու Կարինե Աճեմյանը: Նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի ժամը 11-ը: