Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ցեղասպանության ճանաչմանը
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եղել և մնում է Իսրայելի հետ մեր երկխոսության օրակարգի մաս: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Իսրաելական i24 news-ի լրագրողի հարցին, թե արդյոք այդ հարցը ներառված է եղել Իսրայելում կայացած հանդիպումների օրակարգում, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է.
«Ինչպես ասացի, երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ»: