Պետք է կարողանանք ավելի ամրանալ, ներառել այլ խմբեր. ԵՊՀ դիմաց ուսանողները շարունակում են դասադուլը
Տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: Ուսանողները 4-րդ օրն է, որ դասադուլ են անում: Առավոտից ուսանողները հավաքվել են Երևանի պետական համալսարանի դիմաց և հրաժարվում են մասնակցել դասերին:
«Պետք է կարողանանք ավելի ամրանալ, ներառել այլ խմբեր: Այսօր Ազգային ժողովում գլխադասային հանձնաժողովը պետք է այս օրենքի քննարկի, մենք 18:00-ին այնտեղ ենք լինելու, պետք է այդ քննարկմանը մասնակցենք»,-ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Ուսանողներն այս պահին երթով անցնում են ԵՊՀ բոլոր մասնաշենքերով:
Նշենք, որ դասադուլավորները երեկ հանդիպում են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել: