Մոլդովայի նախագահը կնոջ հետ այցելել է Մատենադարան
Պաշտոնական այցով նոյեմբերի 9-ին Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կնոջ՝ Գալինա Դոդոնի հետ միասին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանց ուղեկցում էր Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Նա տեղեկացրեց, որ բարձրաստիճան հյուրերին ներկայացվել է հիմնական ցուցասրահը, որը ներառում է մշտական ցուցադրության հին ձեռագրերը, ավետարաններ, հայ պատմիչների գործերը, վավերագրերը և այլն:
Նախագահ Իգոր Դոդոնը նշեց, որ տպավորված էր թե Մատենադարան, թե օրվա ընթացքում այլ հաստատություններ` մասնավորապես Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած այցելություններով:
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորեց նախագահի այցը երկկողմ մշակութային հարաբերությունների համատեքստում: