Էրդողանը կարող է Պուտինին առաջարկել բացել հայ-թուրքական սահմանը
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արցախյան հիմնախնդրի շրջանակներում վերջին օրերին շատ է ակտիվացել Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, որ սպառնում է Ռուսաստանի հետ լուծվելիք ինչ-ինչ հարցերով: Այս թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
Պարոն Մելիքյան, օրերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողության շրջանակում, Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում հայտարարեց, թե Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ, և Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցեր կարող է արծարծել Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ: Հարավային Կովկասում բարդ, բազմաշերտ քաղաքական խաղ է ընթանում` ինչպես ռուսները, այնպես էլ թուրքերը ձգտում են այստեղ նոր դիրքեր ձեռք բերել: Հետևաբար Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն այն պայմանով, եթե նպաստի մեր տարածաշրջանում ռուսների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Թերևս առավել հավանական է այն, որ թուրք առաջնորդը ռուսական կողմին կարող է առաջարկել պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի ապաշրջափակման դիմաց Ադրբեջանին տարածքներ հանձնել Արցախում և չխոչընդոտել այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը:
Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 13-ին՝ Սոչիում»:
Առավել մանրամասը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում