Քաղաքացիները բողոքում են «Օդից փող»-ի դեմ. ՄԻՊ-ը հեռուստառադիոխաղերի ոլորտը կարգավորող նախագիծ է մշակել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետեւանքով վնաս կրելուն:
Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման` նախագծով առաջարկվող իրավական կարգավորումը բացակայում է, մինչդեռ այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։
Հետեւաբար, Պաշտպանի աշխատակազմն առաջարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը փոփոխել այնպես, որ նման խաղերը հեռարձակել հնարավոր լինի միայն գիշերային ժամերին՝ 24։00-ից մինչեւ 06։00-ը:
Դրանից բացի՝ առաջարկվում է սահմանել, որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակողը պարտավոր է հրապարակել առկա զանգերի ծավալի եւ միացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ողջ եթերի ընթացքում տեղյակ պահել զանգի վճարովի լինելու մասին և, դրա հետ մեկտեղ, սակագնի վերաբերյալ հավաստի ինֆորմացիան պետք է լինի տեսանելի կամ լսելի:
Նախագիծը նախատեսում է սահմանել նաև նախազգուշացում անչափահասների մասնակցության արգելքի վերաբերյալ։