Շախմատի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում
Հունաստանում ավարտվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին` 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին առանց առաջատար Լևոն Արոնյանի ոչ-ոքի ավարտեց Սերբիայի հավաքականի հետ մրցամարտը` 2:2:
Հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը, ով խաղում էր սպիտակներով: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը: Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց:
Այսպիսով, 9 տուրերում Հայաստանը հաղթեց Շվեյցարիային, Հունաստանին և Հոլանդիային: Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սերբիայի հետ մրցամարտերն ավարտվեցին ոչ-ոքի: Մեր ընտրանին պարտվեց Ադրբեջանին և Գերմանիային:
Հայաստանի ընտրանին վաստակած 10 միավորով դուրս մնաց լավագույն տասնյակից:
Առաջին հորիզոնականում Ադրբեջանի և Ռուսաստանի թիմերն են, որոնք իրենց ակտիվում գրանցել են 14-ական միավոր: հաղթողը կորոշվի լրացուցիչ ցուցանիշներով: