«Թուֆենկյան»-ի մոտ սպանություն կատարելու կասկածանքով
Սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող 2 անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու համար միջնորդություններ է ուղարկվել Վրաստան: Այս մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
««Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերով տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունը սահմանված կարգով արդեն վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի Դատախազություն»,-գրել է Աբրահամյանը:
Նշենք‚ որ հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության լրատվության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել, որ ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: