Ընտրողները դժվարանում են քվեարկել նոր տեխնոլոգիաներով
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընտրական գործընթացում ներդրված տեխնոլոգիաները դեռևս դժվարություններ են առաջացնում ընտրողների համար։
Ախուրյանի 32/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Մուշեղյանի խոսքով՝ թև մեկ անգամ սարքերի գործածությունը եղել է, բայց ընտրողները դեռևս խնդիր ունեն սահուն քվեարկության ապահովելու հետ կապված։
«Չեն հասկանում, որ պետք է ծրարի անցքից երևա քվեաթերթիկը, որպեսզի ակցիզը կպնի, մատնահետքերի մասով էլ դեռ խնդիր կա։ Մենք էլ համբերատար բացատրում ենք, դա է մեր այսօրվա աշխատանքը»,- հայտնել է նա։
Հակառակ ընտրողների, Նարինե Մուշեղյանը նշեց, որ նոր տեխնոլոգիաներով հանձնաժողովների աշխատանքը բավականին պարզեցվել է։
Նա նաև տեղեկացրեց, որ 32/3 ընտրատեղամասում ժամը 16։00 դրությամբ դեռևս խախտումներ չեն գրանցվել։
Ախուրյանի 32/8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Պետրոս Նալբանդյանը նույնպես նշեց, որ նոր տեխնոլոգիաները հանձնաժողովի անդամների աշխատանքը հեշտացրել են։
Ինչ վերաբերում է ընտրողների համար դժվարություններին, Պետրոս Նալբանդյանն ասաց․ «Ընդհանուր առմամբ հասկանում են, սարքի հետ կապված խնդիր չկա։ Ընտրողները գալիս են, իրենք էլ գիտեն, արդեն ցուցամատը պետք է տան, կտրոնը վերցնում են և անցնում են մյուս պրոցեդուրաներին։ Խնդիրը կապված է ծրարների հետ։ Ավագանու ցանկը, քանի որ մեծ է մի քիչ դժվարանում են ծրարի մեջ տեղավորել»։
32/8 ընտրատեղամասում ևս նույն ժամի դրությամբ խախտումներ չէին արձանագրվել։