Աչաջուրի ավագանու թեկնածուները թշնամական հարաբերություններ են ունեցել
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ևս այսօր ղեկավար են ընտրում: 37/4 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ ըստ հանձնաժողովի նախագահի՝ մասնակցել է 457 ընտրող: Ընտրատեղամասում ընդհանուր ընտրողների թիվը 1482 է:
Աչաջուրում առաջադրվել են 4 թեկնածու՝ ավագանու գործող անդամ Սևադա Ղուկասյանը, գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը, Տաթև Գասպարյանը, ով 1996-99 թթ-ին գյուղապետ է եղել, Կարեն Ղալթախչյանը, ով մինչև 2015 թվականը համայնքի ավագանու անդամ է եղել։
4 թեկնածուներից 3-ը հանրապետական են, իսկ Սևադա Ղուկասյանը՝ Դաշնակցության անդամ է։ Բոլոր թեկնածուները ինքնաառաջադրվել են։
Հիշեցնենք, որ գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ դեռ 2013թ. սեպտեմբերին մահափորձ է կատարվել: Նա հայտարարել էր, թե իր մեքենան պայթեցրել է մյուս թեկնածու Տաթև Գասպարյանը՝ այդ ժամանակվա գյուղապետ Համլետ Գևորգյանի դրդմամբ:
Այնուհետև Աչաջուր գյուղի մի խումբ բնակիչներ, այդ թվում նաև Կամո Ղալթախչյանի որդին, 2015թ. հունվարի առևանգել էին մեկ այլ աչաջուրցու, ծեծի ենթարկել նրան և պահանջել խոստովանել, թե ինքն է կատարել Տաթև Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետի նկատմամբ սպանության փորձը։ Դեպքի առիթներով քրեական գործեր են հարուցվել, գործող գյուղապետի որդին կրել է պատիժ:
Բացի ծանր հանցագործություններից, քրեական գործ է հարուցվել նաև գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ, գյուղապետարանում գումարներ յուրացնելու կասկածանքով:
Թեկնածուներից Տաթև Գասպարյանի դեմ ևս քրեական գործեր են հարուցվել: Նա անցած գրեթե 20 տարիներին 4 անգամ դատապարտվել է տարբեր հանցանքների, այդ թվում պաշտոնեական դիրքը չարաշահելու և աչաջուրցիներին Կառավարությունից որպես օգնություն տրամադրված 183 միլիոն դրամը շորթելու համար։ Քրեական գործերի մի մասը կարճվել է և մրցակիցներն իրար մեղադրում են իրար դեմ «գործ սարքելու մեջ»: