Ինչ փոփոխություններ են սպասվում ոստիկանությունում
Երեկ՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանության՝ 2018 թվականի զարգացման ծրագիրը: Նա կարևորեց ոստիկանության կազմակերպա-իրավական ձեւն ու կառուցվածքային փոփոխությունները:
«Մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոստիկանությունը սահմանվի որպես վարչապետին ենթակա պետական մարմին: Այդ մոդելը նպատակահարմար է այնքանով, որ ոստիկանությանը թույլ կտա նոր սահմանադրական կարգավիճակին անցում կատարել, սահուն՝ առանց կառուցվածքային և գործառութային զգալի փոփոխությունների ու ժամանակի անհարկի կորստի: Առաջարկվող կարգավիճակի պարագայում ոստիկանության քաղաքական չեզոքությունը կլինի ավելի երաշխավորված»,- Armlur.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին՝ Եղիազարյանը նշեց, որ համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումները կմիավորվեն: «Ապագայում կձևավորվեն նաեւ քրեական և հասարակական անվտանգության ոստիկանություններ»,- հավելեց Վարդան Եղիազարյանը:
Նախատեսվում է նաև ձևավորել շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն, որը բարձրացնելու է բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման և խափանման արդյունավետությունը: Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ պլանավորվում է ոստիկանության համակարգում ավելացնել տեղեկատվական արդիական տեխնոլոգիաների օգտագործումը:
«Տեղեկատվական արդիական տեխնոլոգիաները պետք է լայնորեն օգտագործվեն հատկապես հասարակական կարգն ապահովելիս, հանցագործությունները, վարչական իրավախախտումները հայտնաբերելիս եւ խափանելիս»,- ասաց փոխոստիկանապետը:
Մանրամասները՝ այստեղ.