Մեկնարկել է հուշարձանների թվայնացման գործընթացը
Միջազգային CyArk կազմակերպությունը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնակցությամբ սկսել է Նորավանքի ու Արենի-1 քարանձավի գրաֆիկական կառուցման աշխատանքները։ Այս հուշարձանները ներառվել են CyArk-ի «Աշխարհի հուշարձանների պահպանության ու կրթության թվային արխիվ»-ում, որն ընդգրկում է համաշխարհային ժառանգության ամենաարժեքավոր հուշարձանները։ Նախաձեռնությունը իրականացվում է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում:
Թվայնացման գործընթացի շրջանակում նախ անօդաչու սարքով նկարահանումներ են իրականացվելու, որի նպատակն է գրաֆիկորեն պատկերել պատմական հուշարձանի դիրքը տեղանքում։ Սրան կհետեւի 3D սքանավորումը LiDAR լազերային հատուկ սարքով։ Այն լուսային միլիոնավոր ազդակներ է ուղարկում տարածքի յուրաքանչյուր կետին ու պատասխան ազդակով ֆիքսում կետի ամբողջ ինֆորմացիան։ Այդպիսով միլիմետրերի ճշգրտությամբ պատկեր է ստացվում:
Իսկ վերջում ֆոտոգրամետրիայի ու պանորամաների միջոցով մարդկային տեսողության էֆեկտ է ապահովվում։ Այս տեխնիկայի շնորհիվ տարածքը ֆիքսվում է 360 աստիճանով, որը, համադրվելով 3D սքանավորման արդյունքների հետ, ստանում է բացառապես իրական պատկերը՝ թվային 3D գրաֆիկական մոդելը։
CyArk-ի ֆոտոգրամետրիայի մասնագետ Քրիստոֆեր Դանգը նշում է, որ Հայաստանը հարուստ է բազմաթիվ հիանալի պատմական հուշարձաններով ու մշակութային ժառանգությամբ: «Միջազգային զբոսաշրջությունը գուցե բավարար ուշադրություն չի դարձնում դրանց։ Ծրագիրը կօգնի համաշխարհային ճանաչում բերել դրանց՝ միաժամանակ ապահովելով հուշարձանների թվային պահպանումը»,- ասել է մասնագետը։
Թվայնացման շնորհիվ պատմական շինությունների ամբողջական մանրամասն պատկերը կֆիքսվի ու կպահպանվի, ինչպես նաեւ վիրտուալ իրականության միջոցով պատմական տարածքների ուսումնասիրության հարթակի համար նյութ կդառնա՝ հուշարձանները հասանելի դարձնելով աշխարհի ցանկացած կետում։