Դեսպան Մկրտումյանը մասնակցել է Արգենտինայի ԱԳ նախարարի և երկրի երկկողմ առևտրի պալատների ղեկավարների հանդիպմանը
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը մասնակցել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարի հետ երկրում գործող երկկողմ առևտրային պալատների ղեկավարների և օտարերկրյա պետությունների դեսպանների տարեկան հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանն ունեցած ելույթի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի միջոցով ԵԱՏՄ շուկա դուրս գալու հնարավորությունները, ԵԱՏՄ-ի և Մերկոսուրի միջև համագործակցության վերաբերյալ պայմանագրի կնքման հնարավորությունները և հեռանկարները:
Էսթերա Մկրտումյանը տեղեկացրեց նաև, որ Արգենտինայի մի շարք գործարարներ և հիմնադրամներ շահագրգռվածություն են հայտնել Հայաստանում գործող «Թումո» նախագիծն Արգենտինայում հիմնելու առնչությամբ: Եզրակացնելով իր ելույթը՝ Էսթերա Մկրտումյանը հաջողություն մաղթեց Արգենտինային՝ “Expo 2023” միջազգային ցուցահանդեսն անցկացնելու վայրի ընտրություններում:
Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ Արգենտինայի Հանրապետության ԱԳ նախարար Խորխե Ֆորին, ով ներկայացրեց առևտրի բնագավառում Արգենտինայի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները և ներդրումային բարենապաստ միջավայր ստեղծելուն միտված քաղաքականության առաջնահերթությունները: Հատուկ նշվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հանձառության մասին: Նա նաև ընդգծեց, որ երկրում առկա է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար համապատասխան իրավական դաշտը և քաղաքական կամքը:
Տեղեկանք. Յուրաքանչյուր տարի անցկացվող այս հանդիպումը նպատակ է հետապնդում խթանելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում տեղեկատվություն փոխանակել առևտրի ոլորտում արձանագրված առաջընթացի և ծրագրերի վերաբերյալ»: