Սկսվում է 2017-ի ձմեռային զորակոչը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է 2017 ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր:
Ըստ հրամանագրի՝ 2017 թվականի նոյեմբեր - 2018 թվականի հունվար ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
«Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:
2018 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում»,-ասված է նախագահի հրամանագրում։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: