The Daily Mail–ն արձագանքել է Նարբե Պողոսյանի` աղմկահարույց հոդվածի հետ կապված նամակին. դերասանը մանրամասնում է
«Ուրախ եմ, որ այս պատմությունը լավ ավարտ ունեցավ, և մենք ավելորդ քաշքշուկների մեջ չընկանք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Նարբե Պողոսյանը` անդրադառնալով նրան, որ բրիտանական հայտնի The Daily Mail պարբերականը «Սոված արջերը ստիպված են հետևել, թե ինչպես են ընթրում Հայաստանի ռեստորանի այցելուները» աղմկահարույց հոդվածում տեղադրած լուսանկարում փակել է դերասան ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի և նրանց որդու դեմքերը:
«Ես ավելորդ արկածախնդրություն չեմ սիրում, պարզապես ուզում էի, որ այս պատմությունը ճիշտ ավարտ ունենար: Ես նամակ գրեցի Daily Mail–ին, խնդրեցի և պահանջեցի հեռացնել իմ և ընտանքիս անդամների լուսանկարը։ Ինձ մոտ կա այդ ամբողջ նամակագրությունը: Ես նրանց գրել էի և ասել իմ հետագա քայլերի մասին, թե ինչ եմ պատրաստվում անել, որ դատի կտամ, եթե պարբերականը հրաժարվի նյութից հեռացնել լուսանկարը»,- պատմեց Նարբեն:
Մեր այն հարցին` արդյո՞ք Նարբեին չի անհանգստացնում այն փաստը, որ լուսանկարը, այնուամենայնիվ, չի հեռացվել, դերասանը պատասխանեց, որ իր համար կարևորն այն է, որ խնդիրը լուծում է ստացել, որ բրիտանական պարբերականն արձագանքել է այդ խնդրին:
«Ես նամակի մեջ նշել էի նաև, որ լրագրողը ինձ չէր զգուշացրել, որ լուսանկարները կցվելու էին մի նյութի, որտեղ նշվելու էր, որ մենք ընթրում ենք սոված արջերի մոտ: Նրանք ինձ շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ անպայման կանդրադառնան խնդրին»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Նարբե Պողոսյանը:
Մանրամասները՝ այստեղ.