ՀՀ ԱԻՆ-ը ԵՄ աջակցությամբ Վրաստանի հետ համատեղ ուսումնավարժանք կանցկացնի
Նոյեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Եվրամիության աջակցությամբ Վրաստանի հետ համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման և անցկացման հարցերը: Նախարար Տոնոյանն ընդգծել է, որ նմանատիպ վարժանքները նպաստում են տարածաշրջանում քաղաքացիական անվտանգության և աղետներին դիմակայունության ամրապնդմանը:
Կողմերը անդրադարձել են նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի ձևավորման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:
Քննարկվել է նաև ֆրանսիական կողմի հնարավոր աջակցությունը տեխնիկական և արդյունաբերական անվտանգության ոլորտներում: ԱԻ նախարարը բարձր է գնահատել ֆրանսիացի փորձագետների մասնակցությունը «Նաիրիտ» գործարանի ռիսկերի ուսումնասիրության գործընթացում՝ նշելով, որ ֆրանսիական կողմի փորձագիտական աջակցությունը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համատեղ օգտակար կլիներ նաև կոյուղաջրերի հետ կապված վերջերս ծագած խնդիրների լուծման հարցում: