Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն. Սերժ Սարգսյանի՝ «РИА Новости»-ին տված հարցազրույցը
Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ատոմակայանի փակմանը վերաբերող Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կետը:
«Այդ քննարկումները (ատոմակայանը փակելու մասին) նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն: ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձևակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է կայացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին: ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորումն իրականացվելու է 270 միլիոն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 միլիոն դոլարի չափով դրամաշնորհի հաշվին:
Նա նշել է, որ այժմ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համատեղ շարունակվում են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները:
«Հարկավոր է նշել, որ ԱԷԿ-ը գործում է ամբողջովին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության չափանիշների համաձայն, և դա միջազգային մասնագիտացած հաստատությունների եզրակացությունն է: Իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության ավելացման, ինչպես նաև արդիականացման ուղղությամբ միջոցառումներ: Այնպես որ Մեծամորի ԱԷԿ-ն առնվազն մինչև 2027 թվականը ծառայելու է: Մենք կարծում ենք, որ սեփական անվտանգության, առաջին հերթին՝ էներգետիկ անվտանգության համար, ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Լրագրողի հարցին, թե արդյոք նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր է խոսք գնա դրա փակման մասին, Հայաստանի նախագահը պատասխանել է՝ «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»: