Մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։
2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմանում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 3-ամյա տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինին ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինն աշխատում է նույն մանկապարտեզում։
Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։
Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից։