Երևանում առնվազն 7-8 ռեստորան կա, որտեղ արջեր են պահվում
Չնայած հայ բնապահպանների գործադրած ջանեքերին՝ Հայաստանում կենդանիների պաշտպանության ոլորտում վերջի տարիներին էական առաջընթաց չի գրանցվել։ Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը։
«Մենք կարծում էինք, որ Գյումրու կենդանաբանական այգու հայտնի սկանդալից հետո «Դեյլի մեյլը» մեզ հանգիստ կթողնի, բայց մի քանի օր առաջ պարբերականը կրկին անդրադարձավ մեր րկրին։ Եվ սա դեռ սկիզբն է։ Հայաստանը, փաստորեն, երկրորդ անգամ հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը վերաբերում է Կարմիր գրքում գրանցված գորշ արջերին, որոնց պաշտպանությունը պետք է առանձնակի լուրջ կազմակերպվեր։ Սակայն պետական մարմինները շարունակում են կենդանիների պաշտպանության նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել։ Երեխային վանդակում գտնվող կենդանի ցույց տալով՝ մենք նրան չենք կարող բացատրել, որ կենդանին հենց այդ վիճակում պետք է լինի»,- նշեց նա։
Լիանա Փանոսյանը հիշեցրեց՝«Դեյլի մեյլի» տեսախցիկը ֆիքսել է, որ ռեստորանային համալիրի բակում վանդակներում պահվող արջերը քաղցած և խղճալի վիճակում են։ Նյութի հետքերով՝ Բնապահպանության նախարարությունն այս օրերին ստուգումներ է իրականացրել և պարզել, որ ճաղավանդակներում պահվող արջերի միայն մասն է ապրում քիչ թե շատ նորմալ պայմաններում։ Իսկ այն կենդանիները, որոնց պահման վայրերն անմխիթար վիճակում են, նախարարության պահանջով պետք է բարենորոգվեն։ «Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքում՝ մասնավոր տարածքներում տեղադրված վանդակներում պահվող արջեր կան՝ սկսած Երևանից, վերջացրած Հրազդանով։ Երևանում առնվազն 7-8 ռեստորան կա, որտեղ արջեր են պահվում, մեկ ռեստորոնում նաև գայլ են պահում»,- ասաց Կարինե Փանոսյանը։
Կենդանիների «Էկզոտարիում» կենտրոնի հիմնադիր Կարեն Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ խնդրի հայտնաբերումից հետո պետք է խոսել դրա լուծման մասին։ «Միայն պատժանիջոցները չեն կարող օգնել, պակաս կարևոր չէ իրազեկումը։ Մարդը պետք է հասկանա, որ այսօր տանը պահվող 2-3 ամսական արջի քոթոթը որոշ ժամանակ անց աղետի պատճառ է դառնալու։ Մյուս կողմից արտասահմանյան կենդանապաշտպան կազմակերպությունները սիրում են ցեխ շպրտել մեզ վրա, բայց լուծումներ չեն առաջարկում»,- նշեց բանախոը։