Ազնավուրը Ցեղասպանության ճանաչման մասին իր հարցով անհարմար դրության մեջ է դրել Իսրայելի նախագահին
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով:
«Իմ սիրելի՛ ընկեր, Ձեր ընտանիքը քաջության հիանալի օրինակ է: Հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա դա ու առհավետ երախտապարտ կլինի Ձեզ ու Ձեր ընտանիքին»,-ասել է Իսրայելի նախագահը: Այս մասին հայտնել է «Asbarez»-ը:
Ազնավուրը հանդիսավոր արարողության ժամանակ խոսել է հայկական արմատներից:
«Մենք՝ հայերս ու հրեաները, այնքան ընդհանուր բաներ ունենք՝ ցավի և ուրախության, աշխատանքի, երաժշտության, արվեստի, լեզուների, մեզ ընդունած երկրներում կարևոր մարդ դառնալու հարցերում»,-նշել է նա:
Հատկանշական է, որ մեդալը նախագահի ձեռքից ստանալուց հետո Ազնավուրը հարցրել է, թե երբ է Իսրայելը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան երկրի նախագահն ասել է, որ դա քաղաքական հարց է, որն ինքը բազմիցս բարձրացրել է Քնեսետում: