Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտել է, որ Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը:
Այսօրվա նիստից հետո նա հայտարարել է վերոնշյալը և ևս մեկ անգամ հիշեցրել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները որպես նախագահ ավարտվում են 2018թ. ապրիլին:
«Մինչև 2022թ. ՀՀԿ-ն ստացել է իշխանությունը ղեկավարելու մանդատ, բնականաբար, մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, ում դուրը կգա, ում դուրը չի գա, միևնույն է, պարոն նախագահը մեր թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը: Ի՞նչ կարգավիճակով, ո՞նց՝ 2018թ. ապրիլին կքննարկենք և կներկայացնենք»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան պետական և ազգային գործիչ է և նրա ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են: Նրան զարմացրեց այն հարցը, թե սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կմնա կուսակցության նախագահ. «Իսկ ի՞նչ պետք է փոխվի, պարոն նախագահն արդեն ընտրվել է կուսակցության նախագահ: Մենք շատ հպարտ ենք, որ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներ ենք, որ իրականացնում ենք այն քաղաքական գիծը, որի ղեկավարն Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ օրերս էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ հայտարարել էր՝ նախագահի, որպես ՀՀԿ առաջնորդ անփոխարինելի լինելու մասին և իր՝ պաշտոնին մնալու համոզմունքի մասին: