Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի չի փոխվի. Մեդվեդև
Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Այս մասին այսօր Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ամեն ինչ շատ լավ էր, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով հարաբերությունները աճ են ապրում: Մենք ուրվագծեցինք ապագայի անելիքները: Անկեղծ շնորհակալություն Կարեն Վիլհելմովիչ հրավերի համար»,- հայտնել է նա:
Դմիտրի Մեդվեդևը նաև տեղեկացրել է, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նոյեմբերին ՌԴ-ում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու համար:
«Իրոք որ լավ զարգանում է այս ոլորտը, համագործակցության հզոր հենքեր ունենք, ներուժը շատ լավն է: Նշեմ նաև, որ մեզ մոտ հարգի են հայկական մրգերը: Մենք դեռ պահպանում ենք սահմանափակումներ երրորդ երկրներից գյուղմթերքի ներմուծումների նկատմամբ, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ մեր գործընկերների՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերություններ զարգացնել»,- ասաց նա:
Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի համար առանցքային համարվող էներգետիկային ոլորտին: Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի կմնա նույնը: