Սաակաշվիլիի կողմնակիցների դիրքերը դեռևս ուժեղ են
Երեկ Վրաստանի երեք խոշոր համայնքներում՝ Բաթումիում, Քութայիսիում ու մայրաքաղաք Թբիլիսիում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ հաղթանակ են տարել իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները: Ամենահետաքրքիրը, թերևս, մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող ընտրություններն էին, որտեղ, ըստ էության, քաղաքապետ հռչակվեց Միլանի ու Կիևի Դինամոյի նախկին պաշտպան Կախաբեր Կալաձեն: Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը ու դեռ Սաակաշվիլիի իշխանության տարիներին հանդիսանում էր վերջինիս իշխանության ամենակտրուկ ընդդիմախոսը:
Եվ այսպես՝ ինչ է նշանակում Կալաձեի հաղթանակը: Հայտնի է, որ վերջինս վաղուց էր ուզում դառնալ Թբիլիսիի քաղաքապետ, կարելի է ասել՝ դա նրա երազանքն էր: Կալաձեն, ի դեպ, պատկառելի ձայներ է հավաքել՝ մոտավորապես 203 հազար, ինչը կազմում է ընտրողների մոտ 51 տոկոսը, այսինքն՝ հաղթել է հենց առաջին տուրում՝ մնացյալ երկու թեկնածուներին իրենից ետ թողնելով գրեթե 35 տոկոսով: Շատերը համարում են, որ Վրաստանի ժողովրդավարացման գործընթացը կանգ է առել՝ հաշվի առնելով, որ վերջին ընտրություններում՝ լինի դա համապետական, թե ՏԻՄ, հաղթում են իշխանության ներկայացուցիչները: Ավելին՝ ընդդիմության դիրքերը գնալով թուլանում են, իսկ այսօր արդեն նախկին իշխանության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչն ընտրություններում հավաքել է 17 տոկոս ձայն: Սակայն զուգահեռ անցկանցելով Հայաստանի հետ՝ կարող ենք արձանագրել, որ այնտեղ Սաակաշվիլիի կողմնակիցների դիրքերը դեռևս ուժեղ են: Ճիշտ է, իշխանությունը նրանք արդեն վաղուց են կորցրել, սակայն ամենակարևորն այս հարցում երևի թե միասնականությունն ու կուսակցական դիսցիպլինան պահպանելն է, նույնիսկ այն դեպքում, երբ նրա անմիջական ղեկավարը երկրում չէ: Հայաստանում այսօր նախ՝ դժվար է ընդդիմադիր կուսակցություն գտնել, ինչ մնաց մի հատ էլ քննարկենք, թե ինչ թեկնածուներ նրանք ունեն ՏԻՄ ընտրություններում: Այս հարցերի պատասխանները շատ սպառիչ կերպով մենք կստանանք նոյեմբեր ամսին, երբ Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:
Կարեն Համբարձումյան.ֆեյսբուք: