Վթարից զոհված զինծառայողը եղել է արձակուրդում` պապի հուղարկավորությանը մասնակցելու համար. մանրամասներ
ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։
Նախնական տվյալներով, այսօր` հոկտեմբերի 23–ին, ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գ.Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Տ.Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:
Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար: