Ներսես Պողոսյանը 25 օր անց դադարեցրել է հացադուլը. նա տեղափոխվել է հիմնարկի բուժմաս
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 25 օր անց դադարեցրել է հացադուլը:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով.
«Չնայած Ներսես Պողոսյանը հրաժարվել է բուժօգնությունից, այնուամենայնիվ, երեկ իր համար շտապօգնություն է կանչվել, ինչի մասին պաշտպանին տեղյակ է պահվել, որ ներկա լինի, եթե ցանկանում է: Վերջինս չի եկել: Շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվող օգնությունից էլ է հրաժարվել Ն. Պողոսյանը, ապա ժամը 11-ի սահմաններում դադարեցրել է հացադուլը: Ներկայումս առողջական վիճակը բավարար է, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիմնարկի բուժմաս եւ գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ»:
Նշենք, որ վերջին օրերին Ներսես Պողոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հոկտեմբերի 20-ին սույն գործով նիստի ժամանակ նրա պաշտպանները մի քանի անգամ միջնորդեցին հետաձգել նիստը, նշելով, որ Պողոսյանը ի վիճակի չէ մասնակցել նիստին:
Հացադուլ սկսելիս Ներսես Պողոսյանը երեք պահանջ էր ներկայացրել գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ թույլատրել դատավարության տեսանկարահանումը, դատարանում իրեն «արա»-ով դիմած մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հեռացնել գործի քննությունից, եւ իրեն ազատել կալանքից։ Նա հացադուլ սկսեց սույն գործով նիստերից մեկում, երբ դատավորը մերժեց իրեն ազատ արձակելու միջնորդությունը: