Սերժ Սարգսյանը ` 2018-ի ծրագրերի մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր հոբելյանական միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Արտաքուստ աշխատանքային այս խորհրդակցության ներքաղաքական ենթատեքստն ակնհայտ է, որովհետև այդ միջոցառումներն անցկացվելու են ավելի ուշ, քան ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակը: Այսօրվա խորհրդակցության լրատվական առիթը հենց անուղղակի քաղաքական մեսիջ է, որի միջոցով Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ այդ միջոցառումների ոչ միայն կազմակերպումն, այլ նաև` անցկացումն, իր պարտականությունն է համարում:
Սարգսյանը հասկացնում է, որ 2018-ի ապրիլից հետո իշխանությունից հեռանալու մտադրություն չունի, որովհետև հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Սերժ Սարգսյանն, որպես հյուրընկալող, կարող է գլխավոր ֆիգուրանտ լինել, եթե ֆորմալ առումով շարունակի ղեկավարել երկիրը, այսինքն` 2018-ի ապրիլից զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ներհամակարգային պայքարը հիմա թևակոխել է բավականին հետաքրքիր, ուշագրավ մի փուլ, երբ առաջին պլան են գալիս վարչապետի հավանական հավակնորդների մեսիջները: Թերևս ճիշտ են այն կանխատեսումներն, որ ոչ հիմա և ոչ էլ` մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի իշխանության ներսում բացահայտ հակադրություն չի լինելու: Դա մի քանի պատճառ ունի: Առաջինն ու հիմնականը թերևս համակարգի ինքնապաշտպանությաaն բնազդն է, որը դրա սեգմենտներին հակում է կոմպրոմսների:
Քրեաօլիգարխիկ համակարգի ներսում պայքարը հենց նրանով է տարբերվում ներքաղաքական դասական պայքարից, որ տևական հակասությունները կարող են ցնցել համակարգը, անգամ վտանգել դրա գոյության հիմքերը: Սա արտաքուստ շանս է համակարգի փլուզմանը սպասող ուժերի համար, մյուս կողմից` ազդակ է, որ համակարգի տարբեր սեգմենտները մրցակցությունը հանդուրժեն այնքան ժամանակ, քանի դա չի սպառնացել համակարգի կայունությանը:
Մյուս կողմից` 2018-ի համատեքստում նույնիսկ ներհամակարգային կամ հարաբերական մրցակցության մասին խոսելը շռայլություն է, որովհետև մյուսները, այդ թվում` Կարեն Կարապետյանը, երկրի ղեկավարումը ստանձնելու շանս ունեն, եթե Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով որոշի 2018-ի ապրիլին չստանձնել վարչապետությունը: Այսօր Սերժ Սարգսյանը անուղղակի հասկացրել է, որ 2018-ի ապրիլն իշխանությունից հեռանալու մտադրություն չունի: