Կնոջը սպանած ամուսնուն մեղադրանք է առաջադրվել
Բախշի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջը՝ Սյուզաննա Գալստյանին ամուսնական անհավատարմության մեջ կասկածելով` խանդի հողի վրա ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գնացել է Արմավիր քաղաք և ապրիլի 17-ին աննկատ հետապնդել է նրան:
Այդ ընթացքում ապօրինաբար իր մոտ պահվող հրացանից մեկ անգամ կրակել է Ս. Գալստյանի ծոծրակին` որի հետևանքով Գալստյանը տեղում մահացել է:
2016թ. նախնական համաձայնության գալով Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Այգևարդ Հարությունյանի հետ, Բախշի Մարտիրոսյանը գնացել է Դդմաշեն գյուղ և տեղի տներից մեկից գաղտնի հափշտակել է 1500 ԱՄՆ դոլար և շուրջ 8000 ԱՄՆ դոլարին համարժեք 30 կտոր ոսկյա զարդեր` Վ. Սարգսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 4,5 մլն վնաս։
Այգևարդ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը, ով կասկածվում էր ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում՝ Հանրապետության փողոցում, իր նախկին կնոջը՝ 39-ամյա Սյուզաննա Գալստյանին ապօրինի պահվող հրազենով սպանելու մեջ։