Ադրբեջանը այս կրակոցով խախտել է Ժնևի պայմանավորվածությունը. Շարմազանով
Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները։ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Արցախի դիրքերից մեկում այսօր հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայողի մահվանը: Նա նշել է, որ Ժնևում Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանն այս կրակոցով ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը:
«Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնևում: Այդ պարտավորությունների մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների և երկու բանակցող կողմերի առաջ: Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությւոնների, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլև՝ ժնևյան պայմանավորվածության նկատմամբ: Կարծում եմ, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից արձագանք պետք է լինի՝ ուղիղ և հստակ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել և ապա զոհվել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: