Արտաշատում նախընտրական ակտիվություն է. Կարեն Բենիամինյանի հայրը զբաղված է ձայներ հավաքագրելու գործընթացով
Այս օրերին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ժամանակից շուտ նախընտրական ակտիվություն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բենիամինյանի հայրը զբաղված է ձայներ հավաքագրելու գործընթացով:
Տեղեկացնենք, որ նրա հայրը` Գագիկ Բենիամինյանը, ով ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահն է, այս օրերին իր մոտ է կանչում կամ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ և հորդորում է ընտրել իր որդուն` միաժամանակ շեշտելով, որ նա անցնող թեկնածու է: Նշենք, որ Կարեն Բենիամինյանը ունի ևս մեկ մրցակից` անկուսակցական Արտակ Սարգսյանը, ով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ի հսկիչ է: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ նրա թեկնածությունը ձևական է, և չի բացառվում, որ առաջիկայում վերջինս ինքնաբացարկ հայտարարի: