Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խոսում են քաղաքական լուծման մասին, բայց քայլեր չեն ձեռնարկում. Կավանո
ԼՂ հակամարտության կողմերն այժմ ավելի հեռու են համաձայնագրից, քան նախկինում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Կավանոն այսօր Հելսինկյան կոմիտեում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:
Նախկին համանախագահը նշել է, որ տարածաշրջան բերված զենքի տեսակները ավելի բարդ իրավիճակ են ստեղծում: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակը ուժեղ փոփոխություններ է կրում:
«Տարածաշրջանում տնտեսական ինտեգրում կա, դրամատիկ քաղաքական փոփոխություններ»,- նշել է նա:
Կավանոն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն չէ. այն հալված և շատ վտանգավոր հակամարտություն է:
Խոսելով բանակցությունների պատմության մասին՝ դիվանագետը ավելացրել է, որ ժամանակ առ ժամանակ կողմերի միջև փոխզիջմանն ավելի մեծ պատրաստակամություն է եղել:
Նա հավելել է, որ նախագահները բազմիցս հայտարարել են, որ քաղաքական լուծում են ուզում, բայց նրանք այդ ուղղությամբ չեն գործում: