Կարեն Կարապետյանի ղեկավարած հիմնադրամին կառավարությունը 39 միլիոն դրամ կտա
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված որոշումների նախագծերից մեկով նախատեսվում է «Թվային Հայաստան» հիմնադրամին մոտ 40 միլիոն դրամ հատկացնել:
«Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 39 միլիոն ՀՀ դրամ, պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով): ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը այդ գումարը «Թվային Հայաստան» հիմնադրամին կտրամադրի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Այդ գումարը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետությունում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովման համար:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամ, որին պատվիրակել է միասնական տեսլականի հիման վրա Հայաստանի թվային օրակարգի մշակման և իրականացման համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) մակարդակի բարձրացումը:
Նշենք, որ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է: