Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի, նրա բնակարանը օրեր առաջ էր այրվել
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբեդ գետի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ՝ դեպքի վայր են ժամանել Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Արծրուն Շախկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ու ոստիկանները գետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանի դին։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ե. Սարգսյանը ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել՝ ցած նետվելով քարե կամրջից։ Դեպքի վայր է ժամանել նաև ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նախնական տեղեկություններով՝ Ե. Սարգսյանը հոգեկան խնդիրներ ուներ։