Մոսկվայում հայ տաքսիստ է ձերբակալվել մի շարք սպանությունների կասկածանքով
Մոսկվայում ոստիկանները տաքսու վարորդի են ձերբակալել, ով կասկածվում է իր մի քանի հաճախորդների թունավորման մեջ: Այս մասին գրում է mskagency.ru-ն՝ հղում տալով իրավապահների տարածած հաղորդագրությանը:
Կասկածյալը ՀՀ 29-ամյա քաղաքացի Վահագն Կարապետյանն է, ով աշխատում է որպես տաքսու վարորդ: Կարապետյանի բնակության վայրի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են 20 բջջային հեռախոսներ, 190 հաբ կլոզապին, 71 բջջայինների պատյաններ և 98 ձեռքի ժամացույց:
29-ամյա Վ.Կարապետյանը ձերբակալվել է Նալրիկի բնակչին թունավորելու կասկածանքով, որի դին հայտնաբերվել էր դեռևս 2017թ. ապրիլին Դինցև փողոցում:
Ինչպես դատաբժշկական փորձաքննութան արդյունքում պարզ է դարձել՝ տղամարդը մահացել է էթիլ սպիրտով և կլոզապինով թունավորումից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարապետյանը մեղադրվում է մայրաքաղաքի տարածքում ավելի քան 100 մարդու սպանության մեջ: Դրա հետ մեկտեղ՝ աղբյուրը ժխտել է այդ տեղեկատվությունը:
«Իրականում զոհերն անհամեմատ ավելի քիչ են»,- հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Վ.Կարապետյանն ընդունել է իր մեղքը: