Վիգեն Սարգսյանի անեկդոտն ու 3 ցանկությունները՝ կախարդական փայտիկ ունենալու դեպքում
Այսօր «ԱՅԲ» կրթահամալիրում «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Առաջնորդությունը հանրային հատվածում» դասախոսությունը:
Նախարարին ուղղված հարցերից մեկն էր՝ ենթադրենք, ձեր ձեռքում հայտնվել է կախարդական փայտիկ, այն երեք ցանկությունները որո՞նք են, որոնք կիրագործեր նա, եւ մեկ տարվա պաշտոնավարման արդյունքում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է:
Ի պատասխան հարցի՝ նախարարը հիշել է ոսկե ձկնիկի անեկդոտը, երբ այն բռնում է գյումրեցին. «Գյումրեցին ոսկե ձկնիկ է բռնում, ասում է՝ երեք ցանկություն ասա, կկատարեմ, գյումրեցին ասում է՝ մի հատ լավ մաշնա, մի հատ լավ դաչա՝ ըդիգ մեկ…»:
«Ես որ կախարդական փայտիկ ունենայի, երևի ցանկությունները մեկ ցանկությամբ կշատացնեի»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
«Ապշում եմ նրա վրա, թե ինչքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը՝ իրար ոչնչացնելու համար՝ ուղղակի սարսափելի է: Երևի տարօրինակ է սա լսել ՊՆ նախարարից, բայց ինչքան շատ ես իմանում այս ոլորտի մասին, այնքան ավելի լավ ես գնահատում խաղաղությունը: Երկրորդը՝ կուզեի, որ վերանար անգրագիտությունը, որովհետև անգրագիտությունը բազմաթիվ չարիքների հիմքն է, անիմաստ է խնդրել, որ վերանա աղքատությունը, կվերանա, եթե վերանա անգրագիտությունը, երրորդ ցանկությունն էլ՝ եթե այն երկուսը լիներ, մի բաժակ սուրճ կուզեի»:
Նախարարը 2-րդ հարցին պատասխանեց՝ ասելով, որ ամենամեծ ձեռքբերումը ռազմամարզական համալսարանի նոր կենտրոնն է Դիլիջանում: