Ոստիկանության նախկին օպերը ավազակային հարձակման ժամանակ սպանվել է տանտերերի կողմից (տեսանյութ)
1in.am-ը գրում է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Էդգար Մանուկյանի գործի դատական քննությունը:
25-ամյա Էդգարը մեղադրվում է խմբի կազմում զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Ավազակային հարձակման գործով ամբաստանյալները երկուսը պետք է լինեին, Էդգարի կողքին կարող էր նստած լինել նախկին ոստիկան Հ. Ֆալանջյանը, սակայն հարձակման ընթացքում տուժողները դիմադրել ու պաշտպանվել են, հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանները դեպքի վայր կհասնեին:
Հ. Ֆալանջյանը ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Նախաքննական մարմինը տուժողների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել՝ եզրակացնելով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, կատարել են իրավաչափ գործողություններ՝ հանկարծակի ու վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելով իրենց և ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը:
Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր հարևանի՝ ոստիկանության ծառայող Հ. Ֆալանջյանի հետ՝ գործարարի համբավ ունեցող Լևոն Ավետիսյանի ու նրա ընտանիքի անդամների գույքը ավազակությամբ հափշտակելու վերաբերյալ:
Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը, ըստ մեղադրանքի, զինվել են 9 մմ տրամաչափի ատրճանակով, փամփուշտներով, խլացուցիչով, դանակով, ինչպես նաև՝ փականներ բացելու համար նախատեսված պտուտակահանով, տուժողներին կապելու համար նախատեսված կպչուն ժապավենով, դիմակներով, լապտերներով, ձեռնոցներով:
2016 թվականի մայիսի 13-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» մեքենայով մեկնել են տուժողի թաղամաս՝ նախապես իրենց բջջային հեռախոսները թողնելով Էդգար Մանուկյանի վարած «Սամանդ» մեքենայի մեջ, որը կայանված էր Մանուկյանի բնակության վայրում:
Հասնելով տուժողների տան մերձակայքը, հանել են «Մերսեդեսի» հաշվառման համարանիշը, մեքենան կայանել են տուժողների տանը հարակից շենքերի բակում:
«Մերսեդեսը» գործի գցելու բանալին թողել են փականի մեջ, իսկ հեռակառավարման վահանակը՝ մեքենայի անվադողի վրա՝ դեպքի վայրից արագ հեռանալու նպատակով:
Մանրամասները՝ այստեղ: