Ոստիկանները տաք հետքերով վնասազերծեցին իր բնակարանից կրակոցներ արձակող 27-ամյա «կտրիճ» Սեյրանին, հայտնաբերվել է հրացանն ու կրակված պարկուճները
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով կարողացել են կանխել և կարգի հրավիրել Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 15-ին կրակոցներ արձակող տղամարդուն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 19։30-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվում, որ Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքից կրակոցներ են արձակում։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանները նշված շենքի 3-րդ բնակարանից Ոստիկանություն են բերման ենթարկում 27-ամյա Սեյրան Մելքոնյանին։ Հայտնաբերվում է նաև «ՄՈ-153» տիպի 12 տրամաչափի 1 փողանի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Հրացանն առգրավել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ոստիկանները շենքի բակում էլ հայտնաբերել են 2 հատ 12 տրամաչափի կրակված պարկուճներ։ Ս. Մելքոնյանը ստորագրությամբ բաց է թողնվել։