Ինչու քաղաքական վերնախավը չշնորհավորեց հայ մամուլի օրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայ մամուլի օրն էր: 223 տարի առաջ՝ 1794 թ. հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ լույս տեսավ հակական առաջին պարբերականը՝ «Ազդարար» թերթը:
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Հայաստանում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես հայ մամուլի օր: Բայց պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք երեկ հարկ չհամարեց անդրադառնալ օրվան. ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը թեկուզ ձեւական ուղերձ չհղեցին: Մինչդեռ նախկինում և՛ Տիգրան Սարգսյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը, և՛ Գալուստ Սահակյանն իրենց պաշտոնավարման տարիներին մշտապես շնորհավորական ուղերձներ էին հղում՝ անկախ իրենց հասցեին մամուլի հնչեցրած երբեմն դաժան, երբեմն էլ անտեղի քննադատություններից:
Այսօրվա պաշտոնյաների պահվածքը պատահական չէ. ազատ մամուլը նրանք ընդունում են որպես թշնամի և ջանք չեն խնայում տարբեր խոչընդոտներ ստեղծելու հարցում, էլ ուր մնաց՝ շնորհավորեն այդ օրվա առթիվ: Այլապես, առաջադեմ կթվորուհիների, ժրաջան բանվորների, «նորագույն երիտասարդների մազերն օսլայելու», Պստիկ.am կայքը աշխատեցնողների մասնագիտական տոնը հիշող պաշտոնյաների համար դժվար չէր անդրադառնալ նաև ավանդական մամուլի ներկայացուցիչ լրագրողներին:
Բայց չարեցին. միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է երեկ շնորհավորել մեզ: Թեև մյուս կողմից էլ կա մի հանրահայտ իրողություն. երբ իշխանության ներկայացուցիչները լրագրողներին չեն սիրում, դա նրանց աշխատանքի լավագույն գնահատականն է»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: