Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տրանսպորտային փոխադրումներն ավելացնելու հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունից, նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է տնտեսության տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը՝ առանձնացնելով հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված ամուր գործակցությունը:
Ներկայացնելով վերջին շրջանում Հայաստանում անցկացված ՏՀՏ համաժողովները, դրանց արդյունավետ անդրադարձը ոլորտի մասնագետների կարողությունները համատեղ ծրագրերում ներգրավելու գործում, նախարարն առաջարկել է գործակցային կապերն առավել սերտացնելու նպատակով շվեյցարական ընկերությունների հետ ևս նման համաժողովներ կազմակերպել:
Շնորհակալություն հայտնելով առաջարկի համար՝ դեսպան Լուկաս Գասսերն ընդգծել է, որ կան ամուր հիմքեր ՏՀՏ ոլորտում գործակցությունն ավելի ընդլայնելու և առավել խորացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ հնարավորություններ՝ մասնավորապես տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում:
Նախարարն ընդգծել է շվեյցարական ընկերությունների առաջադեմ փորձը ուղևորափոխադրումների կառավարման ոլորտում, առաջարկել, որպեսզի նրանք իրենց մասնակցությունն ունենան Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագրում։ Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները և երկու երկրների միջև տրանսպորտային փոխադրումներն առավել ակտիվացնելու հնարավորությունները: