Ֆինանսների նախարարը ԱՄՀ և Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների նիստին
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների պլենար նիստին։
ՀԲ խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը անդրադարձել է գլոբալ տնտեսական հիմնախնդիրներին, որոնց ներկայումս բախվում են երկրները, և կարևորել է մարդկության կյանքի բարելավման ուղղությամբ միասնական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է Համաշխարհային բանկի ներկա առաջնահերթությունները, որոնք են՝ ներառական և կայուն տնտեսական աճ, ավելի շատ և ավելի արդյունավետ ներդրումներ մարդկային կապիտալում։
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Քրիստինա Լագարդը իր հերթին անդրադարձ է կատարել մարդկանց միջև անհավասարությունների վերացմանը, երիտասարդությանը, կլիմայի փոփոխության և կոռուպցիային առնչվող խնդիրներին և կոչ արել բոլոր երկրներին միավորել ջանքերը բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկումներ է ունեցել «VTB», «Bank of America Merrill Lynch», «Citibank», «Deutsche Bank», «J.P. Morgan» կազմակերպությունների և «Moody՛s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Արամյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր բյուջետային իրավիճակը, բյուջեի պլանավորման մեխանիզմները և հիմնական սկզբունքները, ծրագրային բյուջետավորման ներդնումը։ Խոսել է նաև տնտեսական աճի տեմպերին, դրանց վրա ազդող գործոններին և ապագա կանխատեսումներին։
Հանդիպումների ընթացքում նախարարը ներկայացրել է նաև հարկային ոլորտի բարեփոխումները և հարկաբյուջետային կանոնների փոփոխության ուղղությամբ մեկնարկած գործընթացը՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ապահովմանը։
«Moody՛s» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՀՀ-ում վերջին շրջանում նախաձեռնած բարեփոխումների շրջանակի մասին, նախարարը մեծապես կարևորել է վարկանիշային կազմակերպությունների դերը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում։