Միջազգային իրավունքի տեսակետից Թուրքիան պարտավոր է դեպի ծով ելք չունեցող երկրին տարանցման ազատություն տալ
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջազգային իրավունքի մասնագետները շարունակում են աշխատել ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի իրավական ասպեկտների վերլուծության ուղղությամբ։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, տնօրեն, փորձագիտական խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ փորձագիտական խումբն աշխատում է թիրախային մի շարք թեմաների շուրջ, որոնց առնչությամբ պատրաստված հուշագրերը երկու նպատակ ունեն՝ հանդիսանալ որպես ուղեցույց ավագ դիվանագետների, դեսպանների, որոշումներ կայացնողների համար։ Բացի այդ, այս եզրակացության հիման վրա կարող են կազմվել այլ հուշագրեր, իրավական փաստաթղթեր և շրջանառվել տարբեր միջազգային հարթակներում։ Փորձագիտական խմբի աշխատանքներին ներգրավված են միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանը, «Կոնցեռն դիալոգ» իրավաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Վարդանյանը։
Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ թեմաներից մեկն առնչվում է փակ սահմանների իրավաչափության հարցին։ Այն քննարկվել է հատկապես Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելու կտրվածքով։ Այս համատեքստում փորձագետն առանձնացնում է Թուրքիայի միջազգային պարտավորությունները դեպի ծով ելք և տարանցման ազատություն տրամադրելու հարցում։ Միջազգային փաստաթղթերում ֆիքսված են այս հարցի կարգավորումները, դատական, արբիտրաժային և այլ մեխանիզմները։ Պարզապես հարցը, ըստ Եղիշե Կիրակոսյանի, քաղաքական է, և պետությունը պետք է որոշի՝ ինչպես, որտեղ, երբ ու ինչ տրամաբանությամբ կիրառել այդ կարգավորումները կամ էլ խնդիրը որպես քաղաքական լծակ օգտագործել։ Այս համատեքստում փորձագետներն անդրադարձել են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում փակ սահմանների իրավական կարգավորման առանձնահատկություններին։