Արդարադատության նախարարությունում ներկացյավել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը
«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառումն անցկացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակում:
Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:
Սուրեն Քրմոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում մշակվող նախագծերին, վերահաստատել Արդարադատության նախարարության՝ հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը և նշել որ նման հանդիպումները ՀԿ-ների հետ շարունակական բնույթ կկրեն:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները ՀԿ-ների ներկայացուցիչներին են ներկայացրել նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և արձանագրել քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկությունները: