Դատախազը սպառնացել է սպանել դատապարտյալին. հարուցվել է քրեական գործ
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազը հանիրավի մեղադրվել է հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով:
Վերջինս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին մեղադրել է իրեն սպանության սպառնալիքներ տալու մեջ: Մասնավորապես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդումներ է տվել, որ դատախազի մոտ ընդունելության ժամանակ վերջինս, գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով ինքը քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` Ս. Մխիթարյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ս. Մխիթարյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:
Սուտ մատնության փաստերով հարուցված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: