Պարգևներ են հանձնվել ճարտարապետներին
Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում, այսօր նշվել է ճարտարապետի միջազգային օրը, որին ներկա են եղել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչներ, այլք:
Կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ճարտարապետի միջազգային օրվա առթիվ բնագավառում ներդրած ավանդի և ձեռք բերած վաստակի համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Տոնի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով ևս պարգևներ են հանձնվել ճարտարապետներին:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Ճարտարապետության միջազգային օրվա կապակցությամբ և ճարտարապետության բնագավառում ներդրած ավանդի համար «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և Կոմիտեի նախագահի շնորհակալագրեր են հանձնվել ոլորտի ներկայացուցիչների:
Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին մաղթել է բեղմնավոր աշխատանք: Նա նշել է, որ բոլոր հիմքերը և նախադրյալները կան ենթադրելու, որ 2018 թվականը ճարտարապետների համար կլինի բեկումնային տարի:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես շնորհավորելով ներկաներին և պարգևատրվողներին մաղթել է ակտիվ և ծանրաբեռնված աշխատանք, մտահղացումների իրականացում:
Հիշեցնենք, որ Ճարտարապետների միջազգային միության կողմից սահմանված Ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թվականից: