Սարգսյան-Ալիև հանդիպում տեղի կունենա հաջորդ շաբաթ. Արմեն Աշոտյան
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հավելելով, որ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», - շարունակեց Արմեն Աշոտյանը:
Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպում տեղի չունենալու մասին, ՀՀԿ փոխնախագահը ասել է.«Նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը: Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահներն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպում, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր»:
Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Արցախյան հակամարտության գործընթացին, շեշտեց, թե բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։ Նա նկատեց, որ այս պահին բանակցությունները շարունակվում են: