Շարմազանովի առաջարկը Պետերբուրգի Մարինյան պալատում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում:
Շարմազանովն իր խոսքում նշել է որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»:
Նշելով, որ բազմաթիվ նշանավոր հայեր դարեր շարունակ Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշերից են եղել՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար եւ պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լորիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: Նա առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: