Սերժ Սարգսյանը Էդուարդո Էռնեկյանին Հայրենիքի շքանշան է հանձնել
ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:
Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին արարողությունից առաջ և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:
Հանրապետության Նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը:
«Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաև նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, և օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր:
Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, և պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր ևս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, և ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետև գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, և շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու:»,- ասել է Հանրապետության Նախագահը:
Էդուարդո Էռնեկյանը իր համար մեծ պատիվ է համարել հայրենիքի բարձրագույն պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել Հանրապետության Նախագահին և ընդգծել, որ այն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով և խոնարհությամբ:
«Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը և կերտում այսօրվա ու վաղվա երկիրը: Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին և իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար:»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը:
Նախագահի նստավայրում Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմագին շնորհավորանքները և Հայրապետական օրհնությունն է բերել երախտավոր հայորդուն պետական բարձր պարգևի արժանացնելու կապակցությամբ: