Էրդողանն իր խոստումը չկատարեց
Պոլսո պատրիարքի ընտրությունների անցկացման վերաբերյալ նահանգապետարան ուղարկված նամակին պատասխան համայնքը դեռ չի ստացել. այս մասին հայտնել է Պոլսո պատրիարքարանի կրոնական ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ համաձայն լինելով, որ նամակին պատասխան տալու ժամանակն արդեն լրացել է:
Դիտարկման հետ, որ պոլսահայ մամուլում, կարծես, հարց է բարձրացվում, որ ինքը և Պոսլո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պետք է նորից միավորվեն և նախկինի պես աշխատեն, քանի որ թուրքական իշխանությունները չեն ցանկանում, որ պատրիարքի ընտրություններն անցկացվեն, Սահակ Մաշալյանը համաձայնեց:
Հուլիսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնած մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով Ներքին գործերի նախարարությանն էր ներկայացրել ինչպես նախաձեռնած մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ ՆԳՆ-ն պատասխանի պատրիարքության նամակին և հանձնարարություն տա ընտրության անցկացման համար: Սակայն մինչ այս պահը դեռ պատասխան նամակը չի ստացվել:
Մաշալյանը նշեց, որ այդ դեպքում Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեկչյանը պետք է պարզապես իր աթոռը լքի: Նկատեց, որ իհարկե տեղապահի ընտրությունները եկեղեցու միջոցով պետք է լինեին, պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները պետք է իրենք անեին, բայց, ամեն դեպքում, ընտրությունների անցկացման գործընթացի թույլտվությունը պետք է լինի թուրքական իշխանությունների կողմից:
Սահակ Մաշալյանը հնարավոր համարեց իր և Արամ Աթեշյանի նախկինի պես աշխատելն ու Գարեգին Բեկչյանի հեռանալը, նշեց, որ անհրաժեշտություն լինի պետք է այդպես անեն:
«Գարեգին սրբազանը շատ լավ է կատարել իր գործը, ժողովուրդն էլ շատ գոհ է նրանից: Մենք էլ ենք շատ հոգ ենք նրանից,- ասաց նա՝հավելելով, որ դեռ, այնուամենայնիվ, շատ շուտ է խոսելը նման վարկածի մասին,- պետք է շփման դուրս գանք պետական մարմինների հետ և եթե ստացվի, որ չպետք է ընտրությունները լինեն, դրանից հետո մենք Գարեգին սրբազանի հետ կորոշենք, թե այս համայնքի, այս պատրիարքության համար ինչ անենք: Բայց դեռ շուտ է նման բանի մասին խոսելը, պետք է մի քանի շաբաթ դեռ սպասել: Այլ կերպ մենք չենք կարողանա եկեղեցի կառավարել»: